«Հայաստանի ներկայիս իշխանությունները մոռանում են, թե կոնկրետ որտեղ են գտնվում։ Տարածաշրջանի պատմությունը ցույց է տալիս, որ, առանց Ռուսաստանի հավասարակշռող դերի, Հայաստանը կարող են արագորեն ազդեցության գոտիների բաժանել նրանք, ովքեր դարերով սպասել են այդ պահին։ Իդեալական աշխարհաքաղաքական ավար»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է հանրաճանաչ լրագրող Դմիտրի Կիսելյովը։               
 

Քաղաքական «տարտյուֆիզմից» մինչև Ձորափի 74

Քաղաքական «տարտյուֆիզմից» մինչև Ձորափի 74
03.11.2026 | 19:18

(Մայր օրե՞նք թե՞ մահախոսական)

Ամենևին պատահական չէ, որ քաղաքական «տարտյուֆիզմի» և անպատիժ շանտաժի մերօրյա թատերաբեմում, որտեղ իշխանությունը սեփական կամքը փաթաթում է «հանրային ճնշման» սուրբ քողով, իսկական փրկօղակ ու հոգեբանական ապաստան է դառնում պարոնյանական սպանիչ սարկազմը։
Երբ պետության ղեկը հայտնվում է Մոլիերի հերոսների ձեռքում, միակ ողջամիտ քայլը Հակոբ Պարոնյանի ակնոցը դնելն է՝ իրականության համատարած այլասերումից չկուրանալու համար։
Երկրի թիվ մեկ ամբիոնից հնչող խոսքն այլևս սոսկ քաղաքական տեքստ չէ, այլ աբսուրդի դասական արար, որտեղ դահիճն ու զոհը փոխվում են դերերով։ Ներկայացվածը տրամաբանության կատարյալ գլխատում է ուղիղ եթերում։ Կառավարող էլիտան, որն ունի ուժի, օրենքի և հարկադրանքի մենաշնորհային բոլոր լծակները, հանկարծ ստանձնում է զոհի կերպարն ու սպառնում առաջնորդել «ժողովրդին»՝ ընդդեմ սեփական երկրի փոքրամասնության։ Ստեղծվում է այլանդակ ու գրեթե միստիկ պարադոքս. բացարձակ իշխանությունը ձևացնում է, թե ինքը ճնշված է, որպեսզի ստանա բացառիկ, լեգիտիմ իրավունք՝ վերջնականապես ճնշելու մնացածին։
Այս ամենն այլ կերպ չես բնորոշի, քան գագաթնակետին հասած նարցիսիզմ, երբ ստատուս քվոն պահպանելու համար քաղաքական ուժը պատրաստ է խաղալ սեփական թաղման թամադայի դերը։
Եվ հենց այս կետում է քաղաքական կլոունադան վերածվում խոհափիլիսոփայական ողբերգության։ Երբ բանականությունն ու տրամաբանությունը կապիտուլյացիայի են ենթարկվում պետական մակարդակի ցինիզմի առաջ, սարկազմը դադարում է լինել պարզապես ոճական հնարք կամ գրական շքեղություն։ Այն դառնում է էկզիստենցիալ ինքնապաշտպանություն՝ վերջին ախտաբանական ծիծաղն այն երկրում, որտեղ սրբապատկերներ նկարողները հենց իրենք են պղծում տաճարը, իսկ հետո պատարագի ժամանակ մեղադրում հավատացյալներին Աստծո տան անկատար ճարտարապետության մեջ։
Պարոնյանը կժպտար՝ տեսնելով, թե ինչպես է «տարտյուֆիզմը» հասել իր բացարձակ կատարելությանը՝ վերածվելով պետական կառավարման և սահմանադրական կարգի միակ գործող մոդելի։ Մեծ երգիծաբանն ամենայն հավանականությամբ կնախանձեր մերօրյա իշխանավորներին, որովհետև նույնիսկ իր հանճարեղ երևակայությունը չէր բավարարի պատկերացնելու մի պետություն, որտեղ դավաճանությունը մատուցվում է որպես հայրենասիրության բարձրագույն դրսևորում, իսկ կապիտուլյացիան՝ ինքնիշխանության տոն։
Ու քանի որ այս թատերաբեմում դերասանները Երևանում են, իսկ բեմադրիչն ու սցենարիստը նստած են Բաքվի նախագահական ապարատում, հայաստանյան իրականությունը վերջնականապես կորցնում է իրավական, բանական ու տրամաբանական կապերը։
Մենք ականատեսն ենք աշխարհում եզակի՝ «տելեպատիկ» կառավարման, որտեղ Բաքվից լսվող հազի ցանկացած նոպա Երևանում վերածվում է սահմանադրական բարեփոխումների հրատապ անհրաժեշտության։
Երբ քեզ պարտադրում են Մայր օրենք, որի գլխավոր նպատակը սեփական պետության հիմքերը քանդելն ու ազգի պատմությունը սրբագրելն է, սովորական քաղաքագիտական վերլուծությունները դառնում են անզոր։ Հենց այս կետում էլ ավարտվում է քաղաքականությունը՝ տեղը զիջելով պետական կամամոլությամբ զարգացող մազոխիզմին։ Այստեղ արդեն պետք է խոսել ոչ թե ժամանակակիցների, այլ նրանց հետ, ովքեր դեռ մեկուկես դար առաջ գիտեին հայկական իրականության մեջ աբսուրդի, դատարկախոսության ու կեղծիքի անատոմիան։
Մի քանի օր է՝ մտովի զրուցում եմ հայկական իրականության աբսուրդի գլխավոր անատոմի հետ։ Երբ ողջամտությունն այլևս գործիք չէ, ստիպված ես դիահերձել իրականությունը դասականների օգնությամբ։
Քիչ առաջ մեր վիրտուալ երկխոսությունն այսպիսի ընթացք ստացավ․
- Պարո՛ն Հակոբ, այսօր մեզ պարտադրում են մի նոր Մայր օրենք, որի նախագիծը, ըստ օդում կախված լուրերի, խմբագրվում է Բաքվի նախագահական աշխատասենյակում և հայերեն է թարգմանվում Ձորափի 74 հասցեում գտնվող կառավարական ամառանոցում։ Ի վերջո, ի՞նչ է այդպիսի սահմանադրությունը։
- Սահմանադրութիւն կ’ըսուի այն գիտութիւնը, որուն ինչ ըլլալը չենք գիտեր։
- Դե, եթե բնագիրը բաքվեցի փորձագետներն են գրում, զարմանալի չէ, որ հայերս դրա «ինչ ըլլալը» չգիտենք։ Բայց քանի որ «թավշյա» կառավարիչները սիրում են ամեն ինչ զրոյացնել՝ այդ թվում մեր պետականության հիմքերը, ադրբեջանահաճո այս փաստաթղթի քանի՞ տեսակ է մեզ սպասվում։
- Երկու տեսակ՝ գործնական և տեսական։
- Ճշտենք՝ ո՞րն է «գործնական» սահմանադրությունը, որի պահանջներով արդեն իսկ գյուղեր ու դիրքեր են հանձնվում, բայց բուն տեքստը դեռ ոչ մի քաղաքացի չի տեսել։
- Գործնականն այն է, որ տեսած չունինք։
- Այսինքն՝ կապիտուլյացիան արդեն գործում է, բայց թղթի վրա դեռ չենք տեսել։ Իսկ ո՞րն է «տեսականը», որը մեզ խոստանում է «խաղաղություն ու կադաստրի վկայական»։
- Տեսականն այն է, որ գործած չունինք։
- Իսկապես, թշնամու թելադրանքով գրված օրենքը երբեք չի գործի հանուն Հայաստանի։ Բայց ինչպե՞ս քննարկենք կամ հանրաքվեի տանենք մի բան, որն իրականում մեր պետության մահախոսականն է։
- Սահմանադրութիւն մը քննելու համար ընդհանրապէս երեք բան կայ հարկաւոր.
ա) աղեկ խորհիլ և այնպէս խօսիլ,
բ) քիչ խօսիլ և շատ մտիկ ընել,
գ) պաղարիւնութեամբ խօսիլ։
- Բայց մեր հիստերիկ իշխանավորները ո՛չ աղեկ խորհել գիտեն, ո՛չ քիչ խոսել, իսկ «պաղարյունության» փոխարեն ամեն ամբիոնից պատերազմի կործանարար սարսափներն են գեներացնում։ Այս աշխարհաքաղաքական կլոունադայի ֆոնին ի՞նչ պիտի անի հայ մարդը՝ սեփական կառավարության դեմքին նայելիս։
- Տեսնի, թէ խաբեբայութիւնը մինչև ո՞ւր պիտի յառաջանայ։
Պարոն Հակոբն ի՞նչ իմանար, որ նիկոլական Հայաստանում «խաբեբայութիւնը յառաջացել» է մինչև տրամաբանական պիկ։
Քանի որ Պարոնյանի նախընտրած գրողը մեծ կատակերգակ Ժան-Բատիստ Մոլիերն էր, իսկ ինքը՝ մեր մեծ երգիծաբանը, գրականագիտության մեջ արդարացիորեն անվանվում է «հայերի Մոլիեր» կամ «Արևելքի Մոլիեր», ապա այս համատեքստում մոլիերյան «Տարտյուֆի»՝ խաբեբայության այդ մեծագույն էտալոնի հետ զուգահեռը ստանում է գրեթե միստիկ, սարսափազդու արդիականություն։
Դասական գրականության անատոմիական հանճարը հենց այն է, որ ստեղծում է հավերժական տիպաժներ ու հոգեբանական մոդելներ, որոնք դարեր անց, առանց որևէ կոսմետիկ միջամտության, նույնությամբ պրոյեկտվում են իրական կյանքի, առավել ևս՝ մերօրյա փաշինյանական քաղաքականության վրա։
Մոլիերի «Տարտյուֆը» վաղուց սոսկ կրոնական կեղծավորության պատմություն չէ. այն բարոյական, հոգեբանական և քաղաքական տոտալ մանիպուլյացիայի փայլուն ձեռնարկ է, որն այսօր, ըստ ամենայնի, սեղանի գիրք է դարձել կառավարական առանձնատներում։ Եթե Մոլիերի հերոսը թաքնվում էր Աստծո, հավատքի ու բարեպաշտության անվան հետևում՝ օրինական տիրոջից տունն ու ունեցվածքը խլելու համար, ապա մերօրյա տարտյուֆները թաքնվում են «ժողովրդի», «ինքնիշխանության» ու «խաղաղության» սուրբ անունների հետևում՝ Բաքվի սեղաններին պետականության վերջին փշրանքները սակարկության դնելու համար։
Պարոնյանը կատարելապես գիտեր այս տրանսֆորմացիայի գինը։ Իր սուր «նշտարով» կտրելով հայկական «ջոջերի» կեղծավորության դիմակները՝ նա ապացուցեց, որ Արևելքի ու Արևմուտքի շառլատանները նույն արյունն ու բնազդներն ունեն. նրանք պարզապես խոսում են տարբեր բարբառներով, բայց նույն վարպետությամբ են կողոպտում սեփական տանտիրոջը։
Եթե Մոլիերի պիեսում Տարտյուֆը մշտապես հիշեցնում է մեղքի, դժոխքի ու հավերժական պատժի մասին՝ Օրգոնի բանականությունը կուրացնելու և նրան հոգեբանական ստրկության մեջ պահելու համար, ապա Փաշինյանը հանրությանը տոտալ հլու-հնազանդության մեջ պահելու նպատակով կիրառում է գոյաբանական տեռորի դասական գործիքակազմը։
Մոլիերյան դժոխքի տեսիլքները նիկոլական թատերաբեմում փոխարինվել են աշխարհաքաղաքական կործանման սարսափներով, որտեղ գլխավոր դերասանը հերթով բեմ է հանում նախապես պատրաստած «սպառնալիքների կատալոգը»։
«Եթե ինձ չընտրեք վարչապետ, Հայաստանը վարչապետ չի ունենա» - իշխանության նարցիսիստական մենաշնորհի բացարձակացում, որտեղ պետությունը հավասարեցվում է մեկ անձի կենսագրությանը։
«Եթե ՔՊ-ն սահմանադրական մեծամասնություն չստանա, սեպտեմբերին աղետաբեր պատերազմ կլինի» - արյամբ և մահով սակարկվող ընտրական քվե, որտեղ խաղաղությունը ոչ թե պետականության արդյունք է, այլ կուսակցական ռեկվիզիտ։
«Հանրային ճնշում կգեներացվի, եթե ընդդիմությունը դեմ արտահայտվի նոր Սահմանադրության ընդունմանը» - բռնապետական կամքի պարտադրում՝ սեփական ձեռքերով կառավարվող «ամբոխների» կեղծ ապստամբության սպառնալիքով։
Հոգեբանական այս համատարած տեռորը, որը սահմանամերձ Ոսկեպարից հասնում է մինչև Մայր օրենքի քննարկման ամբիոններ, թույլ չի տալիս, որ մարդիկ բանականորեն դատեն պարտադրվող փաստաթղթի կործանարար բովանդակությունը։ Այս ամենն ունի մեկ անուն՝ տեխնոլոգիական ճշգրտությամբ մշակված էմոցիոնալ կանխարգելում։
Երբ հասարակությանը ստիպում են ընտրություն կատարել ֆիզիկական ոչնչացման և սահմանադրական կապիտուլյացիայի միջև, քննադատական միտքը պարզապես կաթվածահար է լինում։
Ողբերգությունն այն է, որ Տարտյուֆ-Նիկոլն արդեն ազատվել է իր խաբեությունը թաքցնելու հոգսից։ Զոհն այնքան է սարսափած պատերազմի մահաբեր շնչից, որ պատրաստ է սեփական ձեռքերով ստորագրել իր հայրենի տան կորստի փաստաթուղթը՝ հավատալով, որ Ալիևի աշխատասենյակում գրված ու կնքված նոր Սահմանադրությունը դառնալու է իր «կադաստրի վկայականը»։
Պիեսի կուլմինացիոն արարում, երբ Տարտյուֆն իր ձեռքում է կենտրոնացնում Օրգոնի տան սեփականության իրավունքն ու պետական գաղտնիքներ պարունակող սնդուկը, դիմակն այլևս դառնում է ավելորդ շքեղություն։ Նա բացում է իր իսկական դեմքը և բացարձակ ուժի իրավունքով փորձում է տանից վռնդել հենց իրեն կուրորեն հավատացող ու ապաստան տվող տիրոջը։ Սա տեսարան է, որն այսօր տառացիորեն խաղարկվում է հայաստանյան քաղաքական բեմում։
Փաշինյանն արդեն ութ տարի և յոթ ամիս շարունակ՝ բարոյական ու հումանիստական սին լոզունգներով, «ժողովրդի կամքով» ու «սիրո և համերաշխության» կեղծ թեզերով, իրականացրել է իշխանության տոտալ կոնսոլիդացիա և ընդդիմադիր դաշտի վիրաբուժական փոշիացում:
«Հանրային ճնշում գեներացնելու և այն անձամբ առաջնորդելու» նրա վերջին սպառնալիքը հենց այն բեկումնային պահն է, երբ բարեպաշտության քողը վերջնականապես պատռվում է։ Բեմ է դուրս գալիս վարչական, ոստիկանական ու փողոցային ուժի կիրառման բացահայտ, ագրեսիվ մտադրությունը:
Տարտյուֆը հասել է իր նպատակին. տան սեփականության իրավունքը՝ իշխանությունը, իր ձեռքում է, և հիմա նա տանտիրոջ կամքն ու տվյալ քվեն օգտագործում է հենց տանտիրոջն իր օջախից վտարելու՝ սեփական պետականությունից զրկելու համար։
Մոլիերի պիեսում Օրգոնի ընտանիքին վերջնական կործանումից փրկում է միայն դասական «դեուս էքս մախինան» (Deus ex machina)՝ թագավորի հանկարծակի, արդարամիտ ու հեքիաթային միջամտությունը, որը ճանաչում է Տարտյուֆի խարդախությունն ու վերականգնում արդարությունը։ Իրական քաղաքականության և աշխարհաքաղաքական այս դաժան թատերաբեմում, սակայն, հեքիաթային փրկիչներ ու բարերար թագավորներ չեն լինում։ Դրսից սպասվող ցանկացած «միջամտություն» սովորաբար ավարտվում է նորանոր տարտյուֆների հայտնությամբ ու երկրի վերջնական կլանմամբ։
Գոյաբանական նման մանիպուլյացիաներին ու պետականակործան շանտաժին հակազդելու միակ վավերական միջոցը հանրության քաղաքական բարձր հասունությունն է, սառը դատողությունն ու սեփական տան դռները խաբեբաների ու շառլատանների առաջ մեկընդմիշտ փակելու կամքը։

Փիրուզա ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Հ.Գ.
Քանի դեռ իրականության թատերաբեմում ընթանում է պետականության կորստի վերջին արարը, հայաստանյան խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմությունը պարտավոր է վերջապես թոթափել սեփական անզորության թմբիրն ու արթնանալ հարմարվողական կոմայից։
Բավակա՛ն է լինել իշխանական աբսուրդի վճարովի հանդիսատեսն ու Բաքվից թելադրվող օրակարգերի հարկադիր, հետամնաց արձագանքողը։ Ոչինչ այնքան չի լեգիտիմացնում «տարտյուֆներին», որքան նրանց դիմաց նստած անատամ ու կանխատեսելի հակառակորդը։
Ժամանակն է դուրս գալու ուրիշի գծած խաղատախտակից, վերցնելու նախաձեռնողականությունն ու գեներացնելու փողոցի այն հանրային էներգիան, որը դեռ պատրաստ է պայքարել սեփական տան համար։
Հակառակ դեպքում՝ պատմության անողոք դատաստանի առաջ ընդդիմությունը ևս կիսելու է այս կապիտուլյացիայի ողջ պատասխանատվությունը։ Որովհետև աղետի կողքին լուռ կանգնելն ու հարմարավետ պատգամավորական կամ կուսակցական աթոռներից պետության կործանմանը հետևելը նույնպես դավաճանություն է։
Դիտվել է՝ 496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ